ԵԱՏՄ մտնելով Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային սահմանափակումների առջև է կանգնելու, քանի որ արգելվելու են մի շարք տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ներմուծումը, արտահանումը և տարանցումը ԵԱՏՄ տարածքից և տարածքով: «Սա տնտեսակա՞ն, թե՞ մշակութային միություն է»,- հարց է բարձրացնում «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այս արգելքներով սահմանափակվում է մարդու ազատ մտածելու իրավունքը:
«Սա տնտեսական միություն է, մշակութային չէ, ճի՞շտ է, եկեք մշակույթին ձեռք մի տվեք: Հատկապես խոսքի ազատությանը, մարդու իրավունքներին, որովհետև դրանք տնտեսական հարցեր չեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Կառավարության որոշման մեջ հստակեցված չէ՝ ինչ արգելքների մասին է խոսքը: Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում էր տեղադրել իր կայքէջում, որտեղ նույնպես արգելքների մասին հստակ ձևակերպումներ չկան: Մինչդեռ փաստաթղթի ռուսերեն տարբերակում սևը սպիտակ վրա ամեն ինչ հստակ նշված է. «Արգելվում են այնպիսի տպագիր և տեսալսողական նյութերը, որոնք պարունակում են այնպիսի տեղեկատվություն, որը կարող է վնաս պատճառել Մաքսային միության անդամ պետությունների քաղաքական կամ տնտեսական շահերին, պետական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանն ու բարոյականությանը»: